ՊՆ նախնական տպավորությամբ` «Եռաբլուր»-ում կատարվածը րոպեներ է տևել
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՀՀ Պաշտպանության նախարարության նախնական տպավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանաքարերի պղծման դեպքը տեղի է ունեցել մի քանի րոպեի ընթացքում: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Դեպքը երեկոյան է եղել: Մեր տպավորությամբ` հալված, տաք վիճակում գտնվող մոմը բերել են, մի քանի րոպե շաղ են տվել գերեզմանաքարերի վրա և արագ հեռացել»,- ասաց Ալթունյանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը վստահեցրեց, որ հերոս տղաների գերեզմանները կբերվեն պատշաճ վիճակի, իսկ տարածքում կուժեղացվի հսկողությունը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջը բծեր են արվել: Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով
ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։