«Սա ընդամենը աջակցություն է». Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին եւ Գրիգոր Գեւորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մարտի 1-ի զոհերի հարազատները նշել են, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ եւ համոզմունք են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել եւ լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:
Վարչապետը եւ Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: