Կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի կենտրոնակայանում հուլիսին կայացած Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը դիտարկում է 2020թ. կայանալիք ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու հնարավորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակի փաստաթղթի մշակման գործընթացի մանրամասները եւ այս առումով կարեւորել կառավարության ու մշտական համակարգողի գրասենյակի միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը: