Ավտոմեքենաներից գողություններ անող 51-ամյա տղամարդը վերջապես հայտնվեց ոստիկանությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 16-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 5 շենքի բակում կայանված մեքենայից գողացել է էլեկտրական մարտկոց, հուլիսի 21-ին գողացել է Առաքելյան փողոցում կայանված մեքենայի էլեկտրական մարտկոցը:
Պարզվել է նաեւ, որ բերման ենթարկվածը հունիս-հուլիս ամիսներին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարել է մի շարք այլ գողություններ:
Ձեռնարվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: