Իտալիայի վարչապետը հրաժարականի դիմում կներկայացնի
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ելույթ ունենալով սենատում, հայտարարել է, որ հանրապետության նախագահին հրաժարականի դիմում կներկայացնի, գրում է Il Post-ը:
«Համակ ուշադրությամբ կլսեմ այսօրվա բոլոր ելույթները, սակայն մտադիր եմ ավարտել այս քաղաքական անցումը՝ հայտարարելով, որ նիստից հետո կուղևորվեմ հանրապետության նախագահի մոտ և նրանից ազատման թույլտվություն կխնդրեմ»,- ասել է Կոնտեն: Նրա ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով:
Հիշեցնենք, որ իշխող կոալիցիան, որը կազմված էր «Հինգ աստղ շարժում» և «Լիգա» կուսակցություններից, իր գոյությունը դադարեցրել էր օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ «Լիգա» կուսակցության առաջնորդ և երկրի փոխվարչապետ Մատտեո Սալվինին հայտնել էր Կոնտեին իր կուսակիցների հետ ունեցած լուրջ տարաձայնությունների մասին և պահանջել հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնել:
Սալվինիի հայտարարության դրդապատճառը խորհրդարանում Իտալիայի հյուսիսային Թուրին և Ֆրանսիայի Լիոն քաղաքների միջև արագընթաց երկաթուղային գծի կառուցման հարցով քվեարկությունն է եղել, որի ժամանակ խորհրդարանը մերժել է «Հինգ աստղ շարժում» կուսակցության կողմից ներկայացված՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրիրը արգելափակելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Կոնտեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատասխանատվությունը Սալվինիի վրա էր բարդել և պահանջել, որ վերջինս բացատրի իտալացիներին կառավարության աշխատանքների դադարեցման պատճառը:
Իտալիայի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է երկրի նախագահ Սերջո Մատտարելային: