Ամուլսարն առանց հանքի շարժումը համազգային բնույթ ունի. Գյումրիում ակցիա տեղի ունեցավ` հաջակցություն Ամուլսարի
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գյումրիում այսօր` օգոստոսի 25-ին, բողոքի ակցիա ակնցկացվեց` ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Փափազյանը հայտնեց, որ իրենք այս ակցիայով աջակցություն են հայտնում Ամուլսարի համար պայքարող ակտիվիստներին:
«Մենք դեմ ենք Հանքի շահագործմանը, քանի որ հանքի շահագործման դեպքում ջրերն են աղտոտվելու, քանի որ ոսկին վերամշակելու են ցիանիդով, հետո էդ ցիանիդը հայտնվելու է ջրի մեջ: Էդ կապ չունի, որ մենք Գյումրիից ենք, էդ ջուրը չպետք է խմենք: Էդ ջուրը մեզ վրա էլ է ազդելու, Վայոց Ձորի մթերքը Գյումրի էլ է հասնելու, նաեւ հանքը Ջերմուկի մոտ է, այսինքն առողջարանում մարդիկ շնչելու են էդ օդը»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման, հանդիպման մասնակիցները դժգոհ են արդյունքներից: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ հանդիպել քաղաքի բնակիչների հետ, նաեւ եղել է հարակից գյուղերում: Բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվել հանքարդյունաբերությանը:
Վարչապետը հայտարարել է, որ հանձնարարել է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ լրացուցիչ ուսումասիրության՝ պարզելու համար, թե արդյոք անհրաժեշտություն կա նոր ՇՄԱԳ անցկացնելու:
Հիշեցնենք նաեւ, որ այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը, տոնակատարությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի հետ, Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ Ազգային ժողովից եւ կառավարությունից։