Ռուսական «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավարն առաջարկել է Էրդողանին թուրք տիեզերագնացի Միջազգային տիեզերական կայան ուղարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 2023թ.-ին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի պատվին Միջազգային տիեզերական կայան թուրք տիեզերագնացի ուղարկել, գրում է РИА Новости-ն:
«Մենք առաջարկ ունենք. եկեք համատեղ կարգով հանրապետության հոբելյանի առթիվ կազմակերպենք թուրք տիեզերագնացի թռիչքը դեպի ուղեծիր: Տիեզերագնացների պատրաստման կենտրոնը պատրաստ է հանձն առնել այդ աշխատանքը»,- ասել է Ռոգոզինը ՌԴ Ժուկովսկ քաղաքում անցկացվող «Միջազգային ավիատիեզերական սալոն» (МАКС-2019) ցուցահանդեսի ժամանակ:
«Մենք կմիանանք ձեր սուրբ գործին: Կրկին ցանկանում եմ երախտագիտություն հայտնել իմ ամբողջ ազգի կողմից: Շատ շնորհակալ եմ ձեր արած աշխատանքի համար»,- առաջարկին պատասխանել է թուրք առաջնորդը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրության շրջանակներում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցույց է տվել հինգերորդ սերնդի Су-57 կործանիչը: