Սարատովում «Մի-8» ռազմական ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Սոկոլովի շրջանի մոտ ռազմական «Մի-8» ուղղաթիռ է ընկել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ռազմական ուղղաթիռն ընկել և բռնկվել է թռիչքուղու տարածքում արագություն հավաքելիս: Ուղղաթիռում ուղևորներ չեն եղել, իսկ անձնակազմը ժամանակին հեռացել է ուղղաթիռից: Օդաչուները կապտուկներ և թեթև վնասվածքներ են ստացել միայն:
Ինչպես հաղորդել են գերատեսչությունից, ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ շասիներից մեկի անսարքությունը:
Դեպքի վայրում աշխատում է Օդատիեզերական ուժերի հանձնաժողովը: Համացանցում հրապարակվել է առաջին տեսանյութը, որում պատկերվում է ուղղաթիռի կործանման վայրը, որտեղ հրդեհ է բռնկվել, և ծխի հսկայական սյուն է օդ բարձրանում: