Ամառվա շոգի պատճառով Ֆրանսիայում 1500 զոհ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունիս և հուլիս ամիսներին Ֆրանսիայում տիրող խիստ շոգը հանգեցրել է 1500 մարդու մահվան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության և համերաշխության նախարար Անյես Բյուզենը:
Հուլիսի վերջին ջերմաչափի սանդղակը ֆրանսիական քաղաքներում հասնում էր անսովոր ցուցանիշների. ջերմաստիճանային բացարձակ ռեկորդներ են գրանցվել ավելի քան 50 քաղաքում: Անոմալ շոգ եղանակի ալիքին հաջորդել է ուժեղ երաշտն ու անտառային հրդեհների մեծ հավանականությունը:
Առողջապահության նախարարը զոհերի թվի մասին հայտարարել է ռադիոյով հեռարձակվող Questions politiques («Քաղաքական հարցեր») ծրագրի ժամանակ:
Նրա խոսքով զոհերի կեսից ավելին 75-ից բարձր տարիքի մարդիկ են եղել, սակայն կան տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, որոնց վրա շոգը բացասական ազդեցություն է ունեցել:
Շոգերի առաջին փուլը Ֆրանսիայում մեկնարկել է հունիսի վերջին, երբ առաջին անգամ որոշ շրջաններում 40-ից բարձր ջերմաստիճան էր գրանցվել՝ ըստ Ցելսիուսի: