Արտաշատի թատրոնում յուրացումներ են արվել, նախկին տնօրենը հեռացված է, նոր տնօրենը չկա
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկա ու նախկին տնօրենները չկան:
Tert.am-ի տեղեկություններով՝ իշխանափոխությունից հետո 12 տարի պաշտոնավարող տնօրեն Գեղանուշ Սայադյանը հեռացվել է, նրան 2018-ի ամռանը փոխարինել է Գագիկ Ռոստոմյանը, որը սակայն աշխատանքի չի հաճախում, թատրոնի անձնակազմն էլ նրանից տեղեկություններ չունի:
Ըստ տեղեկությունների՝ նախկին տնօրենի օրոք, ինչպես նաև ներկա տնօրենի օրոք հարազատներին աշխատանքի են գրանցել, աշխատավարձ վճարել, ովքեր սակայն աշխատանքի չեն հաճախել: Աղբյուրը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ ներկա ու նախկին տնօրենները չարաշահումներ են արել, իսկ ներկա տնօրենը, հասկանալով, թե ինչ է սպառնում իրեն, հեռացել է երկրից:
Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից ու Հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ի զանգերին չպատասխանեցին:
Արտաշատի թատրոնում յուրացումներ կատարելու վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին, որ յուրացումների փաստի առթիվ քրեական գործեր են հարւցված և միացել են մեկ վարույթում: «Արտաշատի թատրոնում չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի և ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գործով թատրոնի տնօրենները դատավարական կարգավիճակ չունեն»,-ասաց ՔԿ-ի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ յուրացում կամ վատնում խոշոր չափերով, իսկ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ պաշտոնական կեղծիքը: