Թույլտվություն չեն կարողացել ստանալ, իսկ ՀԷԿ-երն էլ տուժում են
ՔԱՂԱՔԱԿԱՆՋրօգտագործման թեման գյուղացիների համար դարձել է իսկական պատուհաս հատկապես Արարատյան դաշտում, քանի որ նրանք չեն կարողանում իրենց հողատարածքների ոռոգման աշխատանքները կազմակերպել։
Վերջին երկու օրերին կառավարության առջև բողոքի ակցիաներ էին կազմակերպել մի շարք ֆերմերներ ու գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներ՝ դժգոհելով ՋՕ-ից ու ընդհանրապես կառավարության՝ այս ոլորտում տարվող գործունեությունից, իսկ ավելի ստույգ՝ անգործությունից:
Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին բավականին ուշագրավ տեղեկատվություն է հայտնի դարձել։
Մասնավորապես, թերթի տեղեկություններով, ապրիլի 1-ից գործարկված Արփա-Սևան թունելի հետ կապված («Արփա-Սևան» թունելի գործարկումը ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից և շարունակվում մինչ սեպտեմբերի 1-ը, տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ) լուրջ խնդիրներ կան, քանի որ Արփա և Եղեգիս գետերի ջրերի օգտագործման թույլտվությունը մինչ օրս նախարարությունից չի տրվել, և ստացվում է, որ ջրառի ամբողջ ընթացքում Ջրպետկոմը չի կարողացել պատշաճ ձևակերպմամբ թույլտվության լիցենզիա ստանալ։
Ի դեպ, նշենք, որ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 խմ/ վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 խմ/վրկ:
Բայց այստեղ առկա է նաև մեկ այլ խնդիր. բանն այն է, որ գետի ջրերն ուղղվում են դեպի Սևան, իսկ ՀԷԿ-երը հաճախ զրկվում են լիարժեք աշխատելու հնարավորությունից:
Վերջիններիս ներկայացուցիչներն, ի դեպ, դժգոհում են, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, թե ում և երբ ջրհատկացում կատարեն։