Անվտանգության գոտի ստեղծելու ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փորձերը խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը․ Սիրիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փորձերը խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այս մասին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը եւ Թուրքիան պահպանում են Սիրիայի հյուսիսում անօրինական ռազմական ներկայությունը։ Նրանք այնքան մեծամիտ են, որ քննարկումներ են անցկացնում Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծելու շուրջ, կարծես թե խոսքը ամերիկյան կամ թուրքական հողում նման գոտի ստեղծելու մասին է։ Դա միջազգային իրավունքի եւ ՄԱԿ կանոնադրության խախտում է»,- ասել է նա։
«Սիրիայի հարցով ցանկացած համաձայնագիր, առանց Սիրիայի կառավարության որեւէ մասնակցության, կդատապարտվի եւ կմերժվի՝ թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ։ Առանց մեր թույլտվության մեր տարածքներում գործող ցանկացած արտասահմանյան ուժեր օկուպանտներ են եւ անհապաղ պետք է դուրս մղվեն։ Եթե նրանք հրաժարվեն, ապա մենք ունենք ցանկացած հակամիջոցներ գործադրելու իրավունք, որ նախատեսված է միջազգային իրավունքով»,- ընդգծել է նախարարը։