«Սրա վերջը արյունահեղություն է լինելու». Նորաշենի գյուղապետը՝ մարզպետին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍա ճակատագրական է լինելու, սրա վերջը արյունահեղություն է լինելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվում էր Նորաշենի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման օրինականության հարցը: Նախորդ շաբաթ Նորաշենի ղեկավարը գտնվելով արձակուրդում, համայնքապետարանի պահակից տեղեկացել է, որ իր լիազորությունները դադարեցված են: Նա այդ որոշումն ապօրինի է համարում, քանի որ ավագանու նիստ որպես այդպիսին չի կայացել:
Մարզպետ գարիկ Սարգսյանը արձագանքեց. «Դուք մի սպառնացեք: Խնդրում եմ արձանագրեք, որ համայնքի նախկին ղեկավարը սպառնում է, որ արյունահեղություն է լինելու»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները: