Եվս 20 աղբատար մեքենա կբերվի Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյն, որ Երևանի քաղաքապետարանին հաջողվել է առավելագույնս կարգավորել աղբահանության խնդիրը մայրաքաղաքում, անզեն աչքով էլ նկատելի է: Խնդիրներ, իհարկե, դեռևս առկա են:
Դրանցից մեկը վերաբերում է պիկ ժամերին աղբահանության և, ըստ այդմ, հատկապես նեղ փողոցներում լուրջ խցանումներ առաջացնելու խնդրին:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ավտոմեքենաների պարկը լրացնելու և մասնավորաբար նեղ փողոցներում նշյալ խնդիրը կարգավորելու նպատակով առաջիկա օրերին Երևան կբերվի ևս 20 մեքենա, այս անգամ՝ փոքր՝ 8 տոննա բեռնատարողությամբ: Նշենք, որ ներկայումս աղբահանությամբ զբաղվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները 18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ են:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեքենաներն արդեն ճանապարհին են և շուտով կմիանան մայրաքաղաքի աղբահանության գործին:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, և նա հաստատեց այդ լուրը: