Արման Թաթոյանը հանդիպել է Վրաստանում եւ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Վրաստանում եւ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում ՄԻՊ-ի լրատվության բաժնից։
Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները, աշխատանքի առաջնահերթությունները, ինչպես նաեւ անհատական գործերով եւ համակարգային խնդիրներով կատարվող աշխատանքը։ Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաեւ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին, իրազեկման աշխատանքներին։
Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին եւ այլն: Վրաստանում եւ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը: