55 հազար դոլար, 42 000 եվրո և 15 մլն դրամ. նորանշանակ պետի գույքն ու եկամուտները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տնտեսական բաժնի նորանշանակ պետ Ալբերտ Նազարյանը հայտարարագրել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, երկու ավտոտնակ և առանձնատուն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:
Ալբերտ Նազարյանը ներկայացրել է տվյալներ նաև դրամական միջոցների, եկամտի և շարժական գույքի վերաբերյալ:
Նա հայտարարագրել է «BMW 750 LI» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 55 000 ԱՄՆ դոլար, 42 000 եվրո և 15 000 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտը կազմել է 105 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Խոսքն այս պարագայում վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի պարտականությունների ստանձնմանը: Նշված պաշտոնին Ա. Նազարյանը նշանակվել էր 2019թ. հունիսին, իսկ ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության տնտեսական բաժնի պետ է նշանակվել սեպտեմբերի 27-ին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ