ՍԴ-ում առօրյա աշխատանքային վիճակ է
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, այլև բավականին բուռն կերպով զբաղված է ՍԴ ընթացիկ աշխատանքներով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս նա ՍԴ աշխատակազմի հետ հանդիպում է անցկացրել՝ նշելով, որ խուճապի մատնվելու կարիք ընդհանրապես չկա, ամեն ինչ ընթանում է օրինականության տիրույթում, և ՍԴ-ն պետք է շարունակի իր աշխատանքն առօրյա ռեժիմով։
Նախօրեին Թովմասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, երեկ էլ՝ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Թովմասյանը Գերմանիայի դեսպանին հայտնել է, որ նախապատրաստվում է 2020 թվականի սկզբին իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա։
Տեղեկություն կա նաև, որ դեսպանը հետաքրքրվել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումների մասին, սակայն Թովմասյանը դիվանագիտորեն շրջանցել է այդ հարցը՝ ասելով, որ ինքը քաղաքական ենթատեքստերով հարցերին չի խառնվում։