Փաշինյանը կարեւորել է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։
Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։