Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ:
Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում:
Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից:
Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»:
Այս ամենի հետևանքը եղել է այն, որ Ռուսաստանի և Բելառուսի գործընկերները հեռացել են և երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում:
Մեր տեղեկություններով, ՔԿ-ի՝ առանց այդ էլ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, և նրանցից շատերը պատրաստվում են լքել այս կառույցը:
Նրանք սպասում են, որ վերջնականապես նշանակվեն ոստիկանության պետն ու ԱԱԾ տնօրենը, քանզի վստահ են, որ իրենց նման մասնագետներին այդ կառույցներում սիրով կընդունեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում