Բանգլադեշում 16 մարդ աղջկան այրելու պատճառով մահապատժի կենթարկվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել 16 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել 19-ամյա ուսանողուհու սպանության մեջ, որին ողջ-ողջ այրել են այս տարվա ապրիլին։ Հայտնի է, որ աղջիկը բողոքել էր կրոնական դպրոցներից մեկի տնօրենի կողմից սեռական հետապնդման ենթարկվելու պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլի 6-ին ուսանողուհի Նուսրաթ Ջահան Ռաֆիի վրա կերոսին են լցրել եւ այրել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է հետ վերցնել բողոքը։
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ Նուսրաթին այրել են «Սոնագազի Իսլամիա Մադրասա» դպրոցի տանիքին, որտեղ նա սովորում էր, տնօրենին հավատարիմ մարդիկ, որոնց նա մեղադրել էր սեռական հետապնդման մեջ։ Չորս օր հետո աղջիկը հիվանդանոցում մահացել էր այրվածքներից։ Ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու, որոնցից 12-ը խոստովանել է, որ հանցակից է եղել սպանությանը։