Բժիշկներին պարտադրում են զանգել մարդկանց տներ եւ կանչել գարդասիլով պատվաստման. Գեւորգ Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴրական է, որ բժիշկների աշխատավարձը բարձրացավ, բայց բացասական է, որ նրանց պարտադրում են զանգել մարդկանց տներ եւ կանչել գարդասիլով պատվաստման։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ իրենց ահազանգում են այս խնդրի մասին։
Նրա խոսքով՝ առողջապահական ոլորտում, որեւէ հեղափոխական փոփոխություն տեղի չի ունեցել։
«Միակ հեղափոխական փոփոխությունը նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերի 3 անգամ մեծացումն է։ Դա փաստ է՝ 2018 թվականին եղել է 22 միլիոն 400 հազար դրամ, 2019–ին դարձավ 56 միլիոն, որից հետո՝ 86 միլիոն դրամ։ Այն, ինչ մենք մարզային բուժկենտրոններում ունենք, պետպատվերի նվազեցումն է»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերը բարձրացրել են, այնինչ ֆինանսավորումը թողել են նույնը։
«Պոլիկլինիկաների ղեկավարներին զրկել են նորմալ դեղորայք գնելու եւ շենքային պայմաններն ապահովելու հնարավորությունից։ Դա էլ արվում է, որպեսզի փայտ լինի տնօրենի գլխի վերեւում, որ եթե իմ ասածը չանես, կասենք, որ ոչ էֆեկտիվ կառավարիչ ես, պարտքերի մեջ ես»,– ասաց Գրիգորյանը։