ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումները կքննարկվեն 90 օրվա ընթացքում. նախագիծ.
ОБЩЕСТВОԱրդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու վերաբերյալ դիմումների ավելի կարճ ժամկետում քննարկումը և նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու ընթացակարգի իրականացումը:
1995 թվականին ընդունված « ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում:
Արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ հիշյալ ժամանակահատվածը բավականին երկար է և հաճախակի առաջ է բերում դժգոհություններ դիմումատուների մոտ: Ուստի առաջարկվում է վեցամսյա ժամկետը կրճատել։
Նախարարությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները քննարկել իննսուն աշխատանքային օրվա ընթացքում:
Ոստիկանությունը քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած եզրակացություններն ուսումնասիրում է քսան աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է դրական կամ բացասական եզրակացություն։
Դիմումների քննարկման ժամկետի կրճատման նպատակով առաջարկվում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ոստիկանության կազմած միայն բացասական եզրակացությունները, իսկ դրական եզրակացությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:
Քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացությունները ստանալուց հետո քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում` հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։
Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ խորհրդատվական եզրակացություններ և ՀՀ ոստիկանության կազմած եզրակացությունների հետ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում վարչապետին։
Գործող օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետը քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ՀՀ նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը, Սահմանադրությանը համապատասխան և այս օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաճախ անհրաժեշտություն է լինում անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը (վարչական ակտը), սակայն առկա օրենսդրական կարգավորումների համաձայն իր ընդունած վարչական ակտն անվավեր կարող է ճանաչել միայն նախագահը:
Նախարարությունից ընդգծում են, որ այստեղ առկա է խնդիր, քանի որ հիշյալ հրամանագիրը ընդունվել է վարչապետի առաջարկության հիման վրա, սակայն օրենքում առկա չէ կարգավորում, որի համաձայն վարչապետը կկարողանա փոփոխել իր՝ նախկինում արված առաջարկությունը:
Ստացվում է, որ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու ընթացակարգը կարող է կատարել միայն հենց ինքը՝ ՀՀ նախագահը՝ վարչապետի միջնորդությամբ:
Հետևաբար՝ առաջարկվում է օրենքով կարգավորել տվ յալ հարցը՝ վարչապետին տալով իրավասություն փոփոխել իր իսկ կատարած առաջարկությունը և նոր առաջարկություն ներկայացնել նախագահին:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ