Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահի նորանշանակ օգնական Էդուարդ Աբրահամյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Է. Աբրահամյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, այգետնակ, երեք հողամաս, հասարակական նշանակության շինություն, ինչպես նաև անավարտ (կիսակառույց) շինություն։
ՀՀ նախագահի օգնականը հայտարարագրել է նաև «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 342 000 ՀՀ դրամ և 7000 ֆունտ ստեռլինգ։
Մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները) ենթաբաժնում էլ նշված է 20 000 եվրո եկամտի մասին։
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացած այլ եկամուտներ չկան։ Էդուարդ Աբրահամյանը ՀՀ նախագահի օգնական է նշանակվել 2019թ. հոկտեմբերին։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ