Կտակ կազմելու իրավունքը բացարձակ չէ. ո՞վ ունի ժառանգության պարտադիր բաժնի իրավունք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:
Օրաթերթը, համագործակցելով իրավաբանների հետ, հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները:
Հարց.- Կտակի առկայության դեպքում ո՞վ ունի ժառանգության պարտադիր բաժնի իրավունք, և ինչպե՞ս է կատարվում մահացածի գույքի ժառանգումը կտակի բացակայության դեպքում։
Հարցին պատասխանում է իրավաբան Անի Ճաղարյանը:
Յուրաքանչյուր գործունակ քաղաքացի անձամբ կարող է կտակ կազմել՝ ազատորեն որոշելով իր գույքի ճակատագիրն իր մահվանից հետո։
Սա ենթադրում է, որ անձն իրավունք ունի իր գույքը կտակել ցանկացած անձի, որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
Պարտադիր պայման է, որ կտակը վավերացված լինի նոտարի կողմից։
Իհարկե, ազատորեն կտակ կազմելու իրավունքը բացարձակ չէ, և գործում են բացառություններ։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը, որոնք իրավունք ունեն, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրանց կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում, այսինքն՝ կտակի բացակայության պարագայում:
Այդ անձինք են՝
-ժառանգատուի անչափահաս երեխաները,
-ժառանգատուի՝ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված երեխաները,
-ժառանգատուի՝ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված ամուսինը և ծնողները,
-ժառանգատուի՝ 60 տարեկան դարձած երեխաները, ամուսինը և ծնողները։
Պրակտիկայում շատ են լինում դեպքեր, երբ անձը կտակ չի կազմում։
Այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, թե ինչպես պետք է բաժանվի նրա գույքը (ժառանգություն ըստ օրենքի)։
Ըստ օրենքի, ժառանգները ժառանգման են հրավիրվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հերթականությամբ:
Այսպիսով, առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով:
Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը:
Չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, մորեղբայրները, մորաքույրները):
Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:
Ներկայացման իրավունք ասելով հասկանում ենք, որ մինչև ժառանգության բացումը տվյալ հերթի ժառանգի մահվան դեպքում նրա ժառանգությունը ստանալու իրավունք ունեն ժառանգի երեխաները՝ հավասարապես։
Եթե չկան ո՛չ ըստ կտակի, ո՛չ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ: Այս գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:
Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Իհարկե լինում են դեպքեր, երբ հարգելի պատճառներով ժառանգներն այս ժամկետը բաց են թողնում։
Օրենքը հնարավորություն է տալիս դիմել դատարան՝ ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ճանաչելու պահանջով։
Ժամկետը բաց թողնելուց հետո ժառանգություն կարող է ընդունվել նաև մնացած բոլոր ժառանգների համաձայնության առկայության դեպքում։
Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում։
Սա ենթադրում է, որ երբ անձն ընդունում է ժառանգությունը, նրան են փոխանցվում ժառանգատուի ինչպես իրավունքները, այնպես էլ պարտականությունները։