ՊՆ ծառայողը Chevrolet-ով բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանի ծառ և գլխիվայր հայտնվել ճանապարհին
ОБЩЕСТВО
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19։30-ի սահմաններում Chevrolet Aveo մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև կոտրել մի քանի ծառ և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի պահպանվող հատուկ տարածք։