Կենսաթոշակները պարբերաբար կբարձրանան՝ գնաճի ազդեցությունը զսպելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության ծրագրի 4.2-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու է պետական կենսաթոշակների չափը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել`
- նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),
- աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),
- աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),
- զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ (1500 դրամի փոխարեն).
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
1. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն)
2. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն)
3. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն) երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):
Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականին աշխատանքային կենսաթոշակների համար կպահանջվի 247 527 556 հազար դրամ, մինչդեռ 2020 թվականի պետբյուջեի նախագծով աշխատանքային կենսաթոշակների համար նախատեսվել է 246 472 032,3 հազար դրամ։
Գումարի չափի ավելացումը պայմանավորված է նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափի ավելացմամբ, ինչպես նաև կենսաթոշակառուների թվաքանակի աճով:
Նշվում է, որ 2020 թվականին զինվորական կենսաթոշակների համար կպահանջվի 30 533 718,5, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար՝ 22 558 920, աշխատանքային կենսաթոշակների համար՝ 20 640 215,6 հազար դրամ։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ