Արցախի ոստիկանության մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին շքանշաններով, մեդալներով, այլ պարգեւներով (ֆոտո)
ПОЛИТИКАՄասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար Արցախում էր նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Հանդիսությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը կարեւորեց այն դերակատարումը, որն ունեցել եւ ունի ոստիկանությունը Արցախի Հանրապետության շուրջ 30-ամյա պետականության կայացման ու ամրապնդման գործում։
Պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում ոստիկանության բարդ ու կարեւոր ծառայությունն իր խոսքում բարձր գնահատեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ հետեւողական պայքար մղելով հանցավորության դեմ՝ ոստիկանությունը իր ամենօրյա ծառայությամբ պաշտպանում է մարդու, հասարակության, պետության շահերը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով արցախցի գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդգծեց, որ Արցախն այսօր արդեն ունի ձեւավորված ոստիկանական համակարգ, բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները։
Հանդիսավոր արարողությանը Արցախի Հանրապետության ոստիկանության մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին շքանշաններով, մեդալներով, այլ պարգեւներով։