Իրանը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու խնդիր չունի․ Հասան Ռուհանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու խնդիր չունի։ Այս մասին Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ Բեն Ալաուիի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հայտնում է Mehr-ը։
Ընդգծելով, որ Իրանը համարում է, թե տարածաշրջանի երկրները պետք է ակտիվ դեր խաղան տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար, Ռուհանին ներկայացրել է Օրմուզյան խաղաղ նախաձեռնությունը․ «Մենք պետք է համագործակցության ընդլայնման միջոցով ապահովենք անվտանգությունը տարածաշրջանում, մանավանդ՝ Պարսից ծոցում եւ Օրմուզյան ջրանցքում, եւ թույլ չտանք արտասահմանցիներին միջամտել»։
Իրանի նախագահը հայտարարել է, որ եմենյան ճգնաժամը տարածաշրջանում հիմնական խնդիրներից մեկն է։
«Ցավոք, Եվրոպան եւ ԱՄՆ-ը հետաքրքրված չեն Եմենում խաղաղության հաստատմամբ, քանի որ նրանց հաջողվել է ավելի մեծ քանակյով զենք վաճառել»,- շարունակել է նա։
«Մենք բոլորս պետք է ձգտենք, որքան հնարավոր է շուտ, վերջ դնել Եմենի պատերազմին եւ ապահովել այդ երկրում կայունությունն ու անվտանգությունը։ Մենք կարծում ենք, որ պետք է միասին աշխատենք տարածաշրջանի խնդիրները լուծելու համար։ Սաուդյան Արաբիայի կառավարության քաղաքականությունը Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում նրանց ոչ մի առաջընթաց չբերեց, եւ մենք հուսով ենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կփոխեն իրենց մոտեցումները»,- նշել է Ռուհանին։