ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով կասկածյալ չկա. ՔԿ
ԲԼՈԳԱզգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
« www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնալսած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ: Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել: Politik.am-ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,- գրել է Հարությունյանը:
2018 թվականի սեպտեմբերի համացանցում տարածվել էր հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի՝ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: