ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒՆՎԱՐԻ) Հայաստանի առաջին օմբուդսմեն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծուռ հարվածների սինդրոմը. երբ գնդակը նշանառելով մեկ գնդապարկ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առաջարկվում է ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարակային ո՞ր հիվանդությունների թիվն է աճել և որո՞նք են նվազ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քրոնիկ հիվանդության շրջանում ենք. իրական հաջողություններ դե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Հուսամ՝ օրվա իշխանություններն այդքան երկար ժամանակ չեն ունենա կառավարելու».

Երեկ Ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետբյուջեի օրենքի նախագիծը՝ 77 կողմ, 37 դեմ ձայներով։ 2020-ի բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4,9 տոկոս տնտեսական աճ։

 Իր ամեն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական է, մինչդեռ փորձագետներն արձանագրում են հակառակը։ Այո՛, կոնկրետ ոլորտներում լինելու է հատկացումների ավելացում, բայց դրանք կոչել հեղափոխական, թերևս այնքան էլ տեղին չէ։ 

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ պետք է նախ ձևակերպել, թե որն է հեղափոխական բյուջեն։ 

«Կարծում եմ՝ դա արհեստական օրակարգ է, որը, ցավոք, բերել են գործող իշխանությունները, ընդ որում, մի պարզ պատճառով, որ այս բանավեճը բովանդակությունից տեղափոխվի ֆորմալ դաշտ, և մարդիկ վիճեն ոչ թե կոնկրետ պետական պարտավորությունների կատարման կամ չկատարման արդյունավետության մասին, այլ խոսեն, թե արդյո՞ք այն հեղափոխական է, թե՞ ոչ։ 

Բավական է և հոգնեցուցիչ նման սին օրակարգերի շուրջ խոսելը, մանավանդ այն պարագայում, երբ ունենք այսքան շատ խնդիրներ։ 

Որ ոլորտը նայեք, խնդիրներ են ավելանում, իհարկե, որոշ տեղերում նաև դրանք լուծվում են։ 

Մեր գնահատմամբ, այդ խնդիրները սոցիալական, տնտեսական հարթության մեջ շատ ավելի արագ շատանում են, քան լուծումներն են վրա հասնում», ասում է Ավետիսյանը։ 

Նա ընդգծում է՝ հեղափոխական կարևորագույն թեզերից մեկը, որ հնչեցրել է օրվա վարչապետը, հետևյալն է՝ ուղեղներից հանե՛ք աղքատությունը, գնացե՛ք աշխատեք։ 

«Հիմա առարկայական դաշտի մեջ նայենք, թե ինչ է կատարվել այդ ընթացքում։ 

Օրերս ընդունվեց «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությունը, որով այդ՝ «հեղափոխական է, ոչ հեղափոխական, առաջանցիկ» բառակույտն ու բառախաղը պետք է տեսնենք հստակ պարտավորություններով, որովհետև սա է հնգամյա պլանը, և սա է այն ճանապարհային քարտեզը, թե ինչ ձևով է մարդկանց ուղեղներից դուրս բերվելու աղքատությունը, և ինչ ձևով ու պետական դերակատարմամբ են մարդիկ գնալու աշխատեն, կայուն եկամուտով ապրեն և լավ ապրեն։ 

Կառավարությունը խոստացավ, որ առաջիկա հինգ տարիներին զբաղվածության պետական աջակցությամբ աշխատանքի տեղավորվածների թիվը կաճի ընդամենը տարեկան 5 տոկոսով։ 

Պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, թե ինչի մասին է խոսվում։ Ստվերից դուրս բերված աշխատատեղերը մեծ պաթոսով և հանրային բոլոր ձևերով ներկայացվում է, որ, տեսե՛ք, 50-60 հազար աշխատող է ավելացել։ Բայց այդ գործընթացը չէր ֆիքսվել իշխանափոխությունից հետո։ 

Ընդհակառակը՝ իշխանափոխությունից հետո անօրինական ծառայության կրճատման գործընթացի տեմպը շուրջ 40 տոկոսով նվազեց։ Հիմա ունենք խոստում, որ 5 տոկոսով կավելանա պետական աջակցությամբ աշխատանքի տեղավորվածների թիվը։ 

Սա այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո ձախողվել են 2018-2019 թվականների ծրագրերը (2018 թվականին չի կատարվել ծրագրերի 75 տոկոսը, այս տարի՝ կեսը)։ Այդ տեմպով մեզ պետք է լինելու 25 տարի, որպեսզի երկու տարվա ձախողման հետևանքները վերականգնենք։ 

Հուսամ՝ օրվա իշխանություններն այդքան երկար ժամանակ չեն ունենա կառավարելու»,-ընդգծում է տնտեսագետը։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քաղաքացիներին ասում է՝ բիզնես հիմնեք, աշխատեք։ 

Բայց արդյո՞ք բոլորը կարող են բիզնեսմեն լինել, ինչո՞ւ է այս բեռը ևս դրվում հասարակության ուսերին։ 

Ավետիսյանն ասում է՝ դժվար է այս կարծիքի հետ չհամաձայնելը և շարունակում է. 

«Մեր երկիրը գործող Սահմանադրությամբ հռչակված է սոցիալական պետություն։ Սահմանադրությամբ հստակ սահմանված են պետության պարտավորությունները, որոնք պետք է իրականացնի գործող իշխանությունը։ 

Դրանք պետք է կատարի հստակ ծրագրային հենքով, այդ թվում՝ նաև պետբյուջեով, ռազմավարական փաստաթղթերով։ Դրանցից հիմնականը աղքատության հաղթահարումն է, զբաղվածության ապահովումը և այլն։ 

Պետությունը պետք է աջակցի մարդկանց։ 

Պետությունն այս հարցում հստակ պարտավորություններ ունի, որոնց կատարման համար է, որ պաշտոնյաները ստանում են աշխատավարձ, դրանք լավ կատարելու և ոչ թե ձախողելու համար պետք է ստանան պարգևատրում։ Սրանք պարզ, տրիվիալ եզրահանգումներ են։ 

Ինչքան էլ քարոզենք մեկ–երկու դրվագային ձեռքբերում, փորձենք դրա մասին բարձրաձայնել, տարբեր փաթեթավորումներով ներկայացնել, միևնույն է՝ աղքատ մարդու սառնարանում, եթե, իհարկե, սառնարան ունի, չի ավելանում սննդամթերքի պարունակությունը, իսկ գրպանում՝ գումարը։ 

Ընդամենը մեկ ցուցանիշ՝ աղքատությունը 2018-ին նախորդ տարվա համեմատ կրճատվել է ընդամենը երկու տոկոսով։ Ինչո՞ւ չեն ասում, որ այս գործընթացն էլ են ձախողել, որովհետև 2017-ին 2016-ի համեմատ այն կրճատվել է շուրջ 4 տոկոսով։ 

Այսինքն՝ թիվ մեկ խնդրի տեմպը, որը Սահմանադրությամբ դրված է պետության առջև, 2 անգամ նվազել է, և սա ձախողում է։ 

Դրվագային մի քանի լավ արդյունքները կավարտվեն, որովհետև հիմնարար իմաստով գործընթացները, ցավոք, բացասական այնպիսի մտահոգիչ դրսևորումներ ունեն, որ շատ մոտ ապագայում օրվա իշխանությունը գուցե երկար փնտրի և մեկ-երկու դրվագային դրական արդյունք էլ չկարողանա գտնել»,եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan