Չէինք էլ պատկերացնում, որ աշխարհում կարող են լինել քաղաքներ, որտեղ չկան ավերված շենքեր, հացի հերթեր, քանդված մայթեր ու փողոցներ
ОБЩЕСТВОԻմ պատմությունն իմ հարյուրավոր հասակակիցների, դպրոցական ընկերների ու համաքաղաքացիների մանկության նման է, որոնք ծնվել ու ապրել են 90-ականներին՝ աղետի գոտու որևէ քաղաքում կամ գյուղում:
Ծնվել եմ Սպիտակում՝ երկրաշարժից մի քանի տարի անց, սովորական հայկական ընտանիքում. հայրս մսավաճառ էր, մայրս՝ տնային տնտեսուհի։
Կրտսեր եղբայր էլ ունեմ: Առօրյա հոգսեր շատ կային, թեև մայրս ամեն կերպ ջանում էր, որ չզգանք դրանք: Մութ ու ցուրտ 90-ականներին, հիշում եմ՝ ինչպես էր կրտսեր եղբայրս մոմի լույսի տակ ժամերով շախմատ, ես՝ դաս պարապում։
Մեր հարևանի ավերակ դարձած տունն եմ հիշում, որտեղ կռիվ-կռիվ խաղալիս մի անգամ ընկա ու վնասեցի դեմքս:
6 տարեկանում մորս ձեռքը բռնած դպրոց գնացի: Սպիտակի թիվ 1 դպրոցն այն ժամանակ կիսաքանդ էր, խարխուլ պատերով, անմխիթար դասասենյակներով։
Չէինք էլ պատկերացնում, որ աշխարհում կարող են լինել քաղաքներ, որտեղ չկան ավերված շենքեր, հացի հերթեր, քանդված մայթեր ու փողոցներ:
Ծնված օրվանից դա էինք տեսել:
Հիշում եմ՝ 2000 կամ 2001 թվականն էր, իմացանք, որ լրիվ նոր կառուցված դպրոց կունենանք, մեծ ու լուսավոր դասարաններով, դահլիճով, գեղեցիկ միջանցքներով: Մեր ուրախությանը չափ ու սահման չկար:
Տեղափոխվեցինք նոր դպրոց, տարիների հետ երկրորդ մասնաշենքը կառուցվեց:
Արդեն 9-10 տարեկան կլինեի, երբ առաջին անգամ տեսա, որ իմ քաղաքում ինչ-որ բան է կառուցվում: Բոլոր պատանիների պես մենք էլ էինք ֆուտբոլ շատ սիրում, փողոցում օրը սկսվում ու վերջանում էր ֆուտբոլով:
Պատկերացրեք մեր ուրախությունը, երբ մեր դպրոցի բակում սկսեցին ֆուտբոլի դաշտ կառուցել: Տեսանք իսկական դարպասաձող, ցանց... Ժամանակի հետ տեսնում էինք՝ ինչպես է ոտքի կանգնում մեր ավերված քաղաքը:
Հետո կառուցվեց երկրորդ միջնակարգ դպրոցը, 6-րդը, 7-րդը: Հորս հետ հաճախ էի մեկնում Գյումրի:
Հիշում եմ՝ այդ 45 կիլոմետրն ավտոբուսն անցնում էր 2 ժամում։ Կառուցվեց նաև ճանապարհը: Մեր ավտոբուսն ավելի արագ էր ընթանում։
Քաղաքս նոր տեսք էր ստանում. անթիվ շենքեր, մշակույթի տուն, խաղահրապարակներ կառուցվեցին։ Նաև զբոսայգի, որտեղ հիմա էլ հաճախ ենք լինում տոն օրերին:
Հիշում եմ՝ ինչպես էին բարեկամներս մեկը մյուսի հետևից հավաքում իրենց խարխուլ տների կահ-կարասին ու տեղափոխվում անվճար ստացած նոր բնակարաններ:
Իմ քաղաքում նաև հզո՛ր, մե՛ծ, հսկա գմբեթով եկեղեցի կառուցվեց, որի նմանը երբեք չէի տեսել: Քաղաքն սկսեց ապրել, համերգներ, փառատոններ, տոնակատարություններ՝ ինչքան ասես: Արդեն բարձր դասարաններում գիտեինք, որ մեր քաղաքապետը Սուրեն Ավետիսյանն է, որը, ցավոք, ավտովթարի զոհ դարձավ:
Հիշում եմ մեր քաղաքացիների ուրախությունը, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սպիտակ եկավ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Իրար հերթ չէին տալիս շնորհակալական ու ջերմ խոսքեր ասելու համար:
Մինչև հիմա էլ սպիտակցիներն ասում են՝ մեր քաղաքը կառուցվեց քոչարյանական ժամանակներում: 2009-ին ընդունվեցի բուհ ու հրաժեշտ տվեցի հայրենի քաղաքիս՝ ինքս ինձ խոստանալով, որ վերադառնալու եմ:
Այսօր ամեն անգամ քաղաքում շրջելիս փլատակների մասին ավելի քիչ եմ հիշում: Չեմ մոռանում՝ ինչպես վերականգնվեց Սպիտակը։ Ուրանալ՝ նույնը կլիներ, որ մանկությունս ուրանայի:
ՍԵՐԳԵՅ ՅԱՐՄԱԼՈՅԱՆ Տնտեսագետ, ք. Սպիտակ