Թե ինչպես «նավթային դոնդողը» դարձավ «վազելին»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՎազելինը քսուքակերպ զանգված է, նավթայուղի և պինդ ածխաջրածինների (պարաֆին, ցերեզին, պետրոլատում) խառնուրդ։ 1878 թվականի մայիսի 14-ին, որպես Միացյալ Նահանգների ապրանքային նշան, արտոնագրվել է «Վազելին» կոչված նոր նյութը:
Մարդը, որ հորինել է ներկայումս հայտնի բժշկական և կոսմետիկ այս միջոցը, եղել է Ամերիկա գաղթած անգլիացի քիմիկոս Ռոբերտ Չեզբրոն:
Գիտնականին հաջողվել է նման հայտնագործություն անել նավթագործների «օգնության» շնորհիվ: Այս ամենը տեղի է ունեցել 1859 թվականին: Հենց այդ ժամանակ երկրում նավթային անկարգություններ են եղել: Չեսբրոն շփումներ է ունեցել նավթարդյունաբերության աշխատողների հետ, և հենց այդ ժամանակ էլ տեսել է այդ կպչուն նավթամթերքը:
Նրան հետաքրքրել է պարաֆինին նմանվող այն զանգվածը, որը նավթի արդյունահանման ժամանակ կպչում էր հորատման սարքին և խցանում պոմպերը: Ռոբերտը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ աշխատողները այդ զանգվածը դնում են այրվածքների , կտրվածքների և քերծվածքների հետևանքով առաջացած վերքերի վրա, և, որ շատ հետաքրքիր է, արդյունքում դա նպաստում է վերքերի արագ ապաքինմանը:
Այդ զանգվածի հետ մի շարք փորձեր անցկացնելուց հետո գիտնականին հաջողվում է անջատել օգտակար ազդեցություն ունեցող նյութեր: Գիտափորձերի ժամանակ այդ նյութը քսելով իր այրվածքներին ու վերքերին (իսկ դրանք նրա մոտ հաճախ էին լինում)՝ գիտնականը նկատում է զարմանալի արդյունք` վերքերի բուժումը արագանում է:
Մի փոքր մաքրելով ստացված նյութը՝ Ռոբերտը 1870 թվականին սկսել է արտադրել այն «Նավթային դոնդող» անվանումով: Սկզբում դեղատանը վաճառքի հանված այս քսուքը ոչ ոք չէր գնում:
Նոր դեղամիջոցի ժողովրդականությանը խանգարում էր անվանումը: Այդ ուղղությամբ երկար չմտածելով՝ գիտնականը իր դեղամիջոցը վերանվանում է «Վազելին»: Վազելին բառը բառացի կազմված է գերմաներեն «wasser»` ջուր և հունարեն «elaion»՝ ձիթայուղ բառերից: Մարդիկ վազելինը սկսել են օգտագործել բորբոքումների, այրվածքների և քերծվածքների բուժման ժամանակ:
Շուտով այս միջոցը դարձել է գրեթե անփոխարինելի: Տարիների ընթացքում այդ «նավթային դոնդողն» սկսել է ավելի լայն կիրառություն գտնել: Վազելինային արցունքներ են իրենց դեմքերին ստեղծել դերասանուհիները, լողորդները իրենց մարմինը սկսել են պատել վազելինով՝ ջրի շփման դիմադրությունը նվազեցնելու նպատակով, իսկ բասկետբոլիստները այն ձեռնոցներին են քսել:
Որպեսզի հատակը չկեղտոտվի ներկերից, ներկարարները այն նախօրոք պատել են վազելինով: Հայտնի չէ, թե արդյո՞ք «նավթային դոնդողի» օգտագործումը դրական է ազդել իր գյուտարարի վրա, բայց Չեզբրոն ապրել է 96 տարի:
Ներկայումս էլ այդ «նավթային դոնդողը» ստանում են նավթից:
Վազելինը ստանում են պինդ ածխաջրածինները (15-20 %) նավթայուղի հետ միահալելով, այնուհետև ծծմբական թթվով մաքրելով և կավով գունազրկելով։ Լինում են բժշկական, կոսմետիկ, կոնդենսատորային և այլ տեսակների տեխնիկական վազելիններ։