Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աղավնի Գրիգորյան. Պատը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՊԱ­ՏԸ

Լինում է, չէ՞, որ նստում ես համակարգչի առաջ, կիսատ գործեր ունես, որ պիտի մշակվեն, հղկվեն, ու մեկ էլ քեզնից անկախ սկսում ես հավաքել բոլորովին այլ տեքստ, որ գալիս է սկզբում մեկ, երկու նախադասության տեսքով, հետո կապվում է, շաղկապվում:

 Իրար ետևից արագ-արագ ավելացող տողերի արանքից հստակ ուրվագծվում են հերոսներդ՝ իրենց հույզերով, առօրյայով, գալիս, լցվում են ներսդ, խառնում, փոթորկում քեզ իրենց պատմությամբ: 

Արդեն վաղվանից պիտի մտածես, տանջվես, կարոտես և ուրախանաս իրենց հետ: Երեկ դեռ գոյություն չունեցող, այսօր իրականություն մտնող և կամաց-կամաց միս ու մարմին ստացող կերպարներդ հարազատանում են, թվում է, թե արդեն տարիներ է, որ ճանաչում ես, անգամ եղել ես նրանց տանն ու մասնակիցն իրենց ընտանեկան հավաքույթների:

***

Կեսգիշերն անց է: Երեխաները քնել են վաղուց. առավոտյան շուտ պիտի դպրոց գնան: Հայաստանից լուրերն է լսում. ընտրատարածքներում ավարտում են ձայների հաշվարկը՝ «Էլի բան չի փոխվելու»: 

Ամեն անգամ Հայաստանից նորություն լսելիս սիրտը կտոր-կտոր է լինում, ու ներսը մի բան ճզմվում, ցավեցնում է` լացելու աստիճան: 

Հետո մտածում է՝ ինքն իրավունք էլ չունի բողոքելու կամ զգոնություն պահանջելու ընտրողներից, որ հերթական անգամ ընտրակաշառք վերցրին կամ չվերցրին… ու էլի ոչինչ չփոխվեց: 

Ինքն արդեն տասնվեց տարի է՝ Հայաստանից դուրս է ու բոլոր այդ տարիներին ամեն օր հույսով սպասում է, որ կկողպի էս բնակարանի դուռն ու ընտանիքի հետ կվերադառնա տուն:Մենակ նստած է, քունը չի տանում:

Չի էլ հիշում ոնց ամուսնացան: Ամեն ինչ այնքան արագ ստացվեց: Ազգականներից մեկի ընկերոջ տղան էր ապագա ամուսինը: Եկան մի օր իրենց տուն, ծանոթացան, մի քանի անգամ հանդիպեցին, իրար հավանեցին: Չհասցրեց անգամ սիրահարվել. 

Դեռ կսիրեմ` մտածեց: Ու սկսեցին արագ թղթաբանությամբ զբաղվել: Իտալիայում էր բնակվում տղայի ընտանիքը, եկել էին Հայասատանից «աղջիկ տանելու»:

 Ընկերուհիները երբ իմացան, աչքները փայլեցրին, մի քիչ էլ նախանձեցին:

-Բախտավոր մարդ ես, Ռո՛զ, Միլանը, Վենետիկը կտեսնես:

-Մեզ նկարները կուղարկես ու հատիկ-հատիկ կնկարագրես ՝ որտե՞ղ, ե՞րբ ու ո՞նց ես գնացել:

Համարյա քսան տարի է անցել: Նույն ընկերուհիները Միլանում էլ են հասցրել լինել, Վենետիկում էլ: Դե, հա՛, իրենք էլ մի քանի տարի առաջ Հռոմ այցելեցին: 

Դուստրը նորածին էր, և դա ինչ-որ չափով սահմանափակում էր իրենց զբոսանքները, բայց հրաշալի ճամփորդություն էր: 

Հիմա էլ ժամանակը չի հերիքում, և աշխատանքի բնույթը թույլ չի տալիս ճամփորդել: Երեխաներն են գնում այս կամ այն քաղաքը` էքսկուրսիա, ինքն էլ ուրախանում է

Ծնողների հետ առաջին տարիներին խոսել չէր կարողանում` երկու-երեք բառից հետո արցունքները խեղդում էին, լավ էր՝ այն ժամանակ դեռ սկայպ չկար, չէին տեսնում: Հիմա արդեն չի ստացվում. հենց տեսազրույցը չի միացնում, հայրն ասում է. 

-Ռոզ, կարողա՞ բանա եղել, չես միացնում կամերադ:

Ստիպված միացնում է, փորձում ուրախ երևալ: 

Անջատելուց հինգ րոպե անց որդու հեռախոսին զանգ է գալիս, ու պապին հեռվից խոսակցությունը բերում, հասցնում է նրան, թե «մամային հո չեք նեղացրել, «մի տեսակ» էր ձայնը»:

***

Նորովի կրկնվող պատմությունը. քաղաքական դիմակներ, խայտառակ խախտումներ, որոնցից մի քանիսն ասես աչք մտցնելու համար եթեր են հեռարձակում հերթով բոլոր հեռուստաընկերությունները, մեկը մյուսից անհեթեթ մեկնաբանությունները և ասես հատուկ ընտրված՝ անճարակ, հուսահատ մարդիկ, որոնց դեմքին տեսախցիկն ուղղելուց առաջ՝ խակ, իրեն լրագրող անվանող երիտասարդը դեռ չի էլ մտածել, ի՞նչ հարց պիտի տա, ինչո՞ւ:

 Ամուսինը ներս մտավ: Ռոզն արագ փոխեց ալիքը: Ամուսնու նյարդերը տեղից լարված են, չի թողնում Հայաստանին առնչվող որևէ քաղաքական հաղորդում դիտել տանը: 

Հայաստանի հետ կապված ամեն ինչ նրան էլ անասելի ցավ է պատճառում: Հետո հեռախոսով (առանձին արդեն) լսում է նորությունները. երբեմն մինչև խոհանոց հասնում է զսպված հայհոյանքատիպ բացականչություն այս կամ այն քաղաքական թափթփուկի հասցեին:

 -Մա՛մ, պապան եկա՞վ,- բացվող դռան ձայնից արթնացավ հնգամյա աղջիկը:

-Ես կգնամ մոտը, - ամուսինը մտավ աղջկա սենյակ:

-Պապ, կողքիս կմնա՞ս:

Հայր ու աղջիկ սկսեցին կամացուկ զրուցել, հետո շշուկները դադարեցին:

***

Ռոզը անջատեց հեռուստացույցն ու նստեց: Մեկ-մեկ մոռանում է, որ լույսը մարել է, նստում, նայում է պատին` երեխաների նկարին: Ավելի շուտ զգում է այն: 

Կյանքը շուռ եկավ իտալական այս գյուղաքաղաք տեղափոխվելուց հետո: Սկզբում թվում էր` երազում է, շուտով երազը կավարտվի, կհայտնվի իրենց փողոցում: 

Արևից տաքացած ասֆալտը կհալվի, կկպչի կոշիկներին ու կթվա՝ քայլելիս ոտքը խմորի վրա է դնում: 

Կոշկակար Կարոն իր կրպակից դուրս կգա, ծխախոտը կկպցնի, կթքի ասֆալտին ու ամեն անցնող սիրուն աջկա հետևից մեկ-երկու գռեհիկ ռեպլիկ բաց կթողնի:

 Կարոյի կինը, որ ամբողջ օրը պատուհանից «կախված» հետևում է փողոցով գնացող-եկողին` ձեռքերը կչանչի ամունու վրա․

-Հերիք ա ծխես, ա՛յ մարդ, խիղճն էլ ա լավ բան: Առավոտից երկու պաչկա ծխել ես: Էդքան մուխ սկի պառավոզը չէր հանում ցարի ժամանակ:

-Ա՛յ կնիկ, փաստորեն դու էդքան հին ես, որ ցարին հիշո՞ւմ ես, - կատակի կտա Կարոն և կողքը կանգնած հարևան Գևորին՝ արդեն պատրաստ, տակը պադոշ խփած կոշիկը մեկնելով՝ կասի

-Գևո՛ր, էս կոշիկը քեզանից ձեռ ա քաշել, դու իրանից չէ, ոնց որ ես ու Աննմանս: Կնոջը տարբեր անուններով էր դիմում Կարոն. մե՛կ Անթառամ, մե՛կ Համեստ, մե՛կ Անգին: Անունն Ազատուհի էր: Մի անգամ, դեռ նոր ամուսնացած ժամանակ ասաց․

-Ի՜նչ Ազատուհի, ամուսնացած նամուսով կնիկ ես, էլ ոչ մի Ազատուհի: Այդ օրվանից, ըստ Կարոյի տրամադրության, Ազատուհու անունը փոփոխվում էր:

***

Անցյալ տարի վերջապես եղավ Հայաստանում: Երեխաներին թողեց սկեսուրի խնամքին ու ինքը մի շաբաթով գնաց ծնողներին տեսնելու: Հայրը կտրականապես հրաժարվում էր իրենց հյուր գալ, մայրն էլ ստիպված չէր գալիս, որ նրան մենակ չթողնի: Ծերացել էին երկուսն էլ, բայց աշխույժ և առույգ էին փորձում երևալ` իրեն նեղություն չտալու համար:

Կարոն մահացել էր: Կրպակը փակ էր, կեղտոտ լուսամուտներով, անձրևից ժանգոտած, գույնը թափած: Ազատուհին էլ, անկողնային պառկած, թոռներն էին խնամում:

-Ռոզիկ ջան, ո՞նց ես, ա՛յ բալա, էսքան հեռո՞ւ ա էդ անտեր Եվրոպան, որ քսան տարի չեկար, Կարոն ամեն անգամ հիշում էր, ասում էր` խաբին-տարան էն երեխուն:

Ռոզը նստեց անկողնու մոտ դրված աթոռին.

-Լավ եմ, Ազատուհի տատի, դու լավ լինես:

- Տատի, քեզ նվեր ա բերել Ռոզիկ ծյոծյան:

Վա՜յ, աման, խայտառակ եղանք, 

- ասաց Ազատուհին, 

- ի՜նչ նեղություն, ա՛յ բալա: 

Իբր դուք շատ մի հասցնում եք, ինձ էլ նվեր ես բերել, մորդ սրա տեղը մի բան ավել կբերեիր:

Թոռը բացեց գործած շալն ու Ազատուհու աչքերը լցվեցին.

- Ապրես, բալես: Է՜հ, ասա մինչը ձմեռ կձգե՞մ, որ դու էլ շալ ես բերում ինձ:

-Տատի, մոռացա՞ր, որ գարնանը պիտի ավարտական երեկոյիս գաս:

-Հա, բա ո՜նց, - Ազատուհու աչքերը պայծառացան, 

- գիտես, չէ՞, Ամերիկյան համալսարան ա ընդունվելու:

- Էլիզ, բալես, ո՞նց էր էդ անունը, որ պիտի դառնաս «չգիտեմ ինչ»:

-Մարկետոլոգ, տատի՛, շուկայագետ, - սուրճը բաժակների մեջ լցնելուն զուգահեռ պատասխանեց Էլիզը:

Կարոտել էր հայկական սուրճի համը: Դրսում ինչ անուն ուզում են դնեն` է՛լ ամերիկանո, է՛լ կապուչինո, մեկ է` սրա համն ուրիշ է:

Երկար չնստեց, հրաժեշտ տվեց Ազատուհուն.

Մյուս տարի երեխեքին եմ բերելու տեսնես,- ստեց ու արագ դուրս եկավ հարևանի տնից: Մոտ կես ժամ անիմաստ վերուվար արեց փողոցում, նոր մտավ տուն, որ մինչ այդ աչքերի կարմրությունն անցնի:

***

Առաջին տարիներին երեխայի ծնունդը, խնամքը խլում էր ամբողջ ժամանակը: Ապրում էին, ոնց որ շատերը, ոնց որ բոլորն օտարության մեջ` ատամները սեղմած: Ամուսինն աշխատում էր, ինքը տղային էր մեծացնում: 

Հետո ինքն էլ սկսեց աշխատել, համարյա իրար չէին տեսնում: Մի քանի տարի անց միայն զգաց, չափազանց տարբեր են. կամաց-կամաց հեռացան, փակվեցին ամենքն իր կաղապարում, օտարացան: 

Մի օր էլ մի մեծ պատ բաժանեց երկուսին: Աղջիկը տասը տարի անց ծնվեց, փոխվեց աշխարհը` արևով լցվեց իր աշխարհը, նրա աշխարհը: Պատը չվերացավ, երևի շատ ամուր էին շարել: 

Կանայք տարբեր են, ցավն էլ ամեն մեկը յուրովի է տանում. ոմանք նյարդեր հանգստացնող հաբերի մոլուցքով են սկսում տառապել, տարբեր հակադեպրեսանտներ են փորձարկում, ինտերնետային խմբերին անդամակցում ու այնտեղ գրառումներ անում: Կիսվում են իրենց դեպրեսիայի փուլի նկարագրությամբ` մյուս բախտակիցներին «օգնելու» նպատակով: 

Հետո ստանում բազմաթիվ լացակումած, թաշկինակային պատմություններ, որ կարդալուց մտածում են. իրենք երանելի վիճակում և պայմաններում են ապրում: Շարունակում են զանազան հաբեր ընդունել` այս անգամ խմբակիցներից մեկի պատմության թողած դեպրեսիվ ազդեցությունը մեղմելու համար: Ոմանք լուռ ինքնակերությամբ են զբաղվում. 

«ուրիշ տարբերակ չկա» սկզբունքով կոտրում, փշրում են իրենց ինքնասիրությունն ու դրա արդյունքում ավելի ու ավելի ստորացվում, ի վերջո լրիվ մոռացության մատնվում ու վերածվում իր սեփական տան մեջ անպետք իրի: Մյուսները դանդաղ, բայց հստակ ծրագիր են մշակում. դեմքին հանգիստ դիմակ հագած, զսպում են փոթորիկը, որը մի օր կործանելու է զոհին, հետն էլ ծրագիր մշակողին տանի, բայց դա արդեն կարևոր չի:

Ռոզն իր ձևով վարվեց: Լացեց, լացեց, աչքերն ուռելու աստիճան` ամիսներ: 

Հետո մի օր, կեսգիշերն անց, երբ կրկին մենակ էր` աչքերը սրբեց, վեր կացավ, գնաց գտավ գործիքների դարակից մուրճն ու մի հաստ մեխ ու պատի հենց կենտրոնում կախեց զավակների նկարը: Այդ օրից պատը դադարեց ցավեցնել: Հակառակը` դարձավ տան մեջ իր սիրելի, ուժ տվող մասը: Հենց հոգնում էր կամ տխրում, գալիս, նստում էր բազմոցին, նայում նկարին, ու ամեն ինչ փոխվում էր, լուսավորվում:

Բացեց աղջկա ննջարանի դուռր: Հայր ու դուստր փաթաթված քնել էին: Մոտեցավ, ուղղեց ծածկոցն ու կամացուկ հեռացավ:

2017, Իսպանիա

 

 

Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահ