Փաշինյանը փորձելու է ձերբակալել Հրայր Թովմասյանին, մեզ և ևս 40-50 մարդու. Արթուր Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնձ, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու նպատակը մեզ որպես խմբավորում ներկայացնելն էր, նման հրահանգ է իջեցվել Ոստիկանություն: Այս մասին այսօր`փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը` նշելով, որ իրեն բերման ենթարկելուց նույնիսկ չեն զննել, միայն ասել են` գրպանները դատարկի:
«Սա ընդամենը մի քանի քայլանոց կոմբինացիայի քայլերից մեկն էր: Այս կոմբինացիայի քայլերից առաջինը, ենթադրում եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռքով գրված անանուն հոդվածներն էին «Հայկական ժամանակ»-ում և հիբրիդային հեղաշրջման մասին այդ տեղեկատվական աղբը, որ լցվում է դաշտ: Երկու հիմնական ուղղություն են պահում մեր իշխանությունները, որ հիբրիդային հեղաշրջման փորձ է ձեռնարկվում, կամ ձեռնարկվել: Հիմա այդ հեղաշրջումն իբր թե նախապատրաստող խմբավորումներն է պետք արհեստականորեն ձևավորել: Մենք պետք է հանրությանը ներկայացվենք որպես այդ հիբրիդային հեղաշրջման խմբավորումներից մեկը: Բայց քանի որ այդ խմբավորումները չկան, կեղծ են, պետք է ստեղծեն եւ ոստիկաններն էլ նման կերպ են ստեղծում: Իմ կարծիքով՝ սրա պատրվակով շուտով Նիկոլ Փաշինյանը փորձելու է ձերբակալել Հրայր Թովմասյանին, Արթուր Վանեցյանին, մեզ և ևս 40-50 մարդու, որ հավատալու լինի», նշեց նա` հավելելով, որ «հիբրիդային հեղաշրջման» մասին հրապարակ նետված խոսակցությունները տեղեկատվական կեղծ օրակարգ են, որին պետք է հետևի քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու գործընթացը:
Արթուր Դանիելյանի խոսքով` օրերս Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է աննախադեպ երկար`16 ժամ, եւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բանակցություններն ընթանան գաղտնի ռեժիմով՝ պահպանվի կոնֆիդենցիալությունը:
«Սա հերթական ապացույցն է: Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ հիմա բանակցություններն ընթանում են ոչ թե հող հանձնել-չհանձնելու, այլ Արցախում Ադրբեջանի քաղաքացիներին բնակեցնելու շուրջ: Սա է պայմանավորվածությունը, որն արդեն ձեռք է բերվել և ապագայում քննարկվելու է դրա ժամանակացույցը»,- ասաց Արթուր Դանիելյանը: