Ի՞նչ վտանգներ կան վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարման մեջ
ПОЛИТИКАԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը եւ դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ։
Այս մասին խոսել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Սա այնպիսի սկզբունքային, կարևոր, քաղաքական հարց է, որ մենք համոզված ենք՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին մեզ կհաջողվի այս հարցում համաձայնության գալ»,- ասել է նա:
«Փաստի» հետ զրույցում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը նշում է, որ այստեղ ինքնիշխանության խնդիր կա: «Առաջին հերթին, միգուցե այս տեղեկությամբ ցանկություն կա ստուգելու արձագանքները։
Միևնույն ժամանակ, հնարավոր սպառնալիքը հետևյալն է. ստացվում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններն ինչոր մի մակարդակում կորցնելու են իրենց ինքնիշխանությունը։ Օրինակ՝ Եվրամիության դեպքում այդ մեխանիզմը ևս գործում է։
Կան հարցեր, որոնց դեպքում ինչոր մի մակարդակում ԵՄ երկրները դրանք պատվիրակում են Եվրամիության մարմիններին։ Մեր պարագայում մի քիչ այլ է իրավիճակը։
Որքան էլ համեմատենք Եվրամիության հետ, հասկանալի է, որ ԵԱՏՄ-ն Ռուսաստանի առաջնորդությամբ գործող կառույց է։
Այնտեղ կա հստակ առաջնորդ ու ստացվում է, որ այդ առաջնորդին ենք պատվիրակում այդ լիազորությունները։
Ըստ այդմ՝ կա վտանգ, որ մենք կարող ենք ինչ-որ ձևով ֆիքսել կամ ավելի շատացնել կախվածությունը Ռուսաստանից, կորցնել ինքնիշխանության ինչ-որ չափ»,-ասաց Բաբայանը։