Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի «մաստեր կլաս» էր
ПОЛИТИКАՆիկոլ Փաշինյանը երեկ այսպիսի գրառում է կատարել. ««Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում»: Խոսքը ՍԴ-ի 7 դատավորներից ազատվելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը հասնելու սցենարի ու ընդհանրապես նիստի ընթացքի մասին է:
Իրականում ոչ միայն փորձագետները, այլև սոցցանցային օգտատերերը, մեղմ ասած, համաձայն չէին այս գնահատականի հետ: Քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում նույնիսկ նշեց. «Այո, դա իրոք մաստեր կլաս էր:
Բայց այն մասին, թե ինչպես չի կարելի վարվել Սահմանադրության և օրենքների հետ, և ինչպես չի կարելի զբաղվել քաղաքականությամբ»: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ նախօրեի որոշումը դեռ չի նշանակում, որ հանրաքվե լինելու է:
Ժամանակ կա, ընթացակարգեր կան... Նրա կարծիքով, չի բացառվում, որ սա պարզապես ՍԴ դատավորներին ճնշելու մի վերջին քայլ էր, քանի որ նախորդները ձախողվեցին:
Դրա մասին է խոսում նաև այն, որ վարչապետն իր ելույթում կոչ արեց դատավորներին մինչև նախագահի կողմից վավերացումը գնալ վաղաժամ կենսաթոշակի:
Մյուս կողմից, առկա է միջազգային կառույցների սուր արձագանքը, որն, ամենայն հավանականությամբ, դեռ շարունակություն է ունենալու:
Ավելին, որքան էլ իշխանությունները պնդում են, թե ամեն ինչ հարթ է ընթացել, մեր տեղեկություններով, փետրվարի 5-ին ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ ԱԺ նախագահի հանդիպման ժամանակ քննարկումը և դեսպանների արձագանքը շատ բուռն են եղել: