Տարածքը տրամադրվել է Հայաստան վերադարձած մեր հայրենակիցներին. Ճոպանուղու տնօրինություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր համացանցում տարածվեց տեղեկատվություն՝ համաձայն որի Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում ինչ-որ տարածք է տրամադրվել իբրև թե ազգությամբ թուրքերի, մինչդեռ կարող էր տրամադրվել մեր հայրենակիցներին։ Այս մասին Past.am-ի խմբագրությունը պարզաբանում խնդրեց Լեռնատուր ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Պողոսյանից։ -Ի սկզբանե ասեմ, որ այդ տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այդ մարդիկ ազգությամբ հայեր են, ովքեր հեղափոխությունից հետո են Հայաստան վերադարձել ու մշտական բնակություն են հաստատել Ծաղկաձորում։ Նրանք պայամանագիր ունեն կնքած «Լեռնատուր» ՍՊԸ-ի տնօրինության հետ՝ Հերման Օնիկի Թերզիյանի անունով, և այդ տարածքը տրամադրվել է նրանց իրենց աշխատանքներն իրականացնելու համար: Նրանք ճոպանուղու տարածքում ֆոտո ծառայություններ են մատուցում։ _Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք այս կեղծ լուրի տարածման հանգամանքը։ _Սա ընդամենը պրովոկացիա է, և ինձ մոտ տպավորություն է, որ ընդհանրապես փորձ է արվում ստվեր գցել մեր կատարած աշխատանքների վրա: Բայց վստահաբար ասում եմ, չի հաջողվելու, քանզի մենք բացառապես գործում ենք օրինականության դաշտում, իսկ ինչ վերաբերում է ազգային պատկանելիության խտրականության մեջ մեզ մեղադրելուն , ապա դա առնվազն անպարկեշտ ձևակերպում է սփյուռքահայ մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր հայեր են, և վերադարձել են իրենց հայրենիք՝ մշտական բնակության։