Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ Երուսաղեմում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆisraelperson.co.il-ն «Դանիել Լոզակովիչն ու Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը» վերնագրով հոդվածում գրում է, որ մարտի երկուսին Երուսաղեմի թատրոնի «Հենրի Կրաուն» դահլիճում մեծ հաջողությամբ կայացել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը ստոկհոլմցի երիտասարդ ջութակահար-վունդերկինդ Դանիել Լոզակովիչի մասնակցությամբ և Դմիտրի Յաբլոնսկու խմբավարությամբ: Համերգը կայացել է Wandering Music Stars դասական երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում, որը ընթանում է Իսրայելում հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ՝ Մաքսիմ Վենգերով, Դմիտրի Յաբլոնսկի, Սերգեյ Սմբատյան, Ալեքսանդր Կնյազև, Դանիել Լոզակովիչ և այլն: Փառատոնի հովանավորն է Կոնստանտին Իշխանովի ղեկավարած Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը: Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը ունկնդրել են մեկ շնչով: Ամբողջ համերգի ընթացքում անգամ հազ և փռշտոց չի լսվել, ոչ ոք ձայն չի հանել, քանի որ բոլորին կլանել է մեծ արվեստը, իսկ ավարտին բոլորը հոտնկայս ծափահարել են և գոչել՝ «բռավո»: Համերգը մեծ միջոցառում է դարձել Երուսաղեմի երաժշտական կյանքում:
Կամո Խաչիկյան