Վարչապետ լինելով՝ ավելի հեշտ էր սլաքները հետ ուղղել մարդուն և ասել, որ աղքատությունը ինքը պետք է հանի իր ուղեղից. Խաժակյան
ԲԼՈԳԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կուրթան գյուղում վարչապետից հանդիմանություն ստացած 34-ամյա Մեխակ Առաքելյանին:
«Դիտեցի կուրթանցի տղամարդու տեսանյութը, սոցիալական, առողջական պայմանները։ Դիտեցի Փաշինյանի ամոթանքը ու կրկին այն խրճիթը, որում ապրում էր տեսանելիորեն անապահով ընտանիքը։
2018-ին այդ մարդիկ ազատվեցին ընտրակաշառքի ճիրաններից, պետության հաշվին հարստացած իշխանավորների ողորմությունից։ Ազատվեցին՝ ակնկալելով Պետության հոգածությունը։
Նրանք նորից ճիրաններում են․․․ այս անգամ պոպուլիզմի և դիլետանտիզմի։
Երբ մեզ դիմում են այսպիսի պայմաններում ապրող մարդիկ, նվազագույնը փորձում ենք հասկանալ, թե սոցիալական աջակցության ո՞ր ծրագիրը կարող է օգնել։ Փաստորեն ավելի հեշտ է (վարչապետ լինելով հանդերձ) սլաքները հետ ուղղել մարդուն՝ ասել, որ աղքատությունը ինքը պետք է հանի իր ուղեղից։ Տեսնես այդ ե՞րբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց լինել սոցիալական պետություն։ Իրավականն իմացանք երբ դադարեց, սոցիալականն անակընկալ էր։
Նպատակ չունեմ շահարկելու Փաշինյանի պահվածքը, դա ոչ իր վարկանիշի, ոչ էլ մոտեցումների վրա է ազդելու։ Բայց չեմ հասկանում, ո՞նց կարելի էր չապրումակցել այդ մարդուն»,- գրել է Խաժակյանը։