Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում դպրոցահասակ երեխաներ, ինչպես նաև բուժաշխատողներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան, կան նաև բուժաշխատողներ. մեկ բուժքույր, մեկ բժիշկ և շտապօգնության մեկ վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Դպրոցահասակ երեխաներ կան, նրանք լավ են, ախտանիշ չունեն, կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չկա: Եթե հաշվի առնենք, որ աշխարհում վարակվածների թիվն արդեն մոտ 500 հազարի հասնում, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին հրապարակում կամ գիտական հոդված չկա: Նույնը մենք ենք տեսնում մեր երկրում»,-ասաց Թորոսյանը:
Ինչ վերաբերում է բժիշկներին, նախարարն ասաց, որ նրանց համար ապահովվում է առաջին հերթին լավ կենցաղային պայմաններ, ապահովված են սնունդով, տրանսպորտով՝ տուն գնալու համար, հյուրանոցում ապրելու, քանի որ կան բժիշկներ, որոնք որոշել են տուն չգնալ, իրենք իրենց համարում են ռիսկային: «Բացի այս, 50 բուժաշխատող են վերապատրաստվել, որպեսզի հերթափոխեր ապահովվեն: Կորոնավիրուսով վարակված մոտ 70 պացիենտ գտնվում է օրթոպեդիայի ինստիտուտում, նրանց հետևում են օրթոպեդ-վնասվածքաբանները, որոնք հատուկ վերապատրաստում են անցել»,-ասաց նա:
Թեստերի վերաբերյալ նախարարն ասաց, որ ՀՀ-ն դրանց պակասը չունի.«Մինչ այսօր թեստավորվել են ռիսկային համարվող 1440 քաղաքացի, որից 290-ի դեպքում դրական է եղել արդյունքը»:
Նա նաև ասաց, որ վաղը պատրաստ կլինի ՀՀ-ի առցանց քարտեզը, որտեղ նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ դեպքեր են արձանագրվել.«Կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքեր են գրանցվել Երևանում, Արմավիրում, Արարատում և Կոտայքում»: