Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով:Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
«Նրան փակ դագաղով են հուղարկավորելու»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը` հավելելով, որ տեղյակ չէ, արդեն հուղարկավորել են, թե` ոչ:
Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ հուղարկավորության ժամանակ պահպանվելու են արտակարգ դրության սահմանած բոլոր կանոնները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին, Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել:
Հիշեցնենք, որ կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը: