Զինծառայողը, որի մոտ վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել, նախապես մեկուսացված էր, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար․ ՊՆ մամուլի խոսնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։
Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:
Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։
Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։
ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա»,-գրել է մամուլի խոսնակը։