Պուտինը և Փաշինյանը քննարկել են Հայաստանին գազի մատակարարման և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներին վերաբերող հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցները:
«Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու նպատակով նախաձեռնվող քայլերը: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար»,-Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է tass.ru-ն:
Աղբյուրը հավելում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գծով փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է կայանալիք շփումների գրաֆիկը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին, ապա զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և «Ռոսպոտրեբնաձոր»-ի հետ արդյունավետ համագործակցության համար:
Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը: