Ովքեր իշխանությունների պատվերով հայհոյում են այլախոհներին, վաղը մրոտելու են իրենց այսօրվա պատվիրատուներին
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԲազմիցս է խոսվել Հայաստանում ատելության ու թշնամանքի «մշակույթի» արմատավորման մասին։ Իսկ ատելությունն ու թշնամանքը հանրության ներսում բաժանարար գծեր են առաջացրել, մեծացրել անհանդուրժողականության սահմանաչափը, աղճատել ոչ միայն քաղաքական դաշտը, այլև հնարավոր ու անհնար բոլոր հարաբերությունները։
Հասարակության ներսում այսպիսի միջավայրի ստեղծման գործում անպատճառ իրենց պատասխանատվությունն ունեն ներկայիս իշխանությունները, որոնք իրենց վարկանիշը փորձում են պահել այլոց քարկոծելու և մրոտելու հաշվին, այլ ոչ թե կատարված աշխատանքի։
Դա է պատճառը, որ գործող իշխանավորները, եթե պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները, ոչ թե կենտրոնանում են նրա վրա, թե ինչքան առաջընթաց են կարողացել ապահովել, ինչ տեսլական ունեն և այլն, այլ հայհոյում են նախկիններին և ընդդիմադիրներին՝ բոլոր սլաքներն ուղղելով նրանց դեմ, թե իբր նրանք «հակապետական» են և իրենց չեն թողնում աշխատել։
Սրա հետ մեկտեղ իշխանություններն անհանդուրժողական վերաբերմունք ունեն ցանկացած այլընտրանքային կարծիքի նկատմամբ, որը համահունչ չէ իրենց քաղաքական ուղեգծին: Դրա համար էլ ընդդիմադիր կամ այլընտրանքային կեցվածք դրսևորող անձինք դառնում են ինֆորմացիոն գրոհների թիրախներ, որի համար գործի են դրվում ֆեյքերի ֆաբրիկաները։
Ու հաշվի չի առնվում, թե այդ անձն ինչ դիրք ունի հասարակության ներսում, ինչ ճանապարհ ունի անցած, ինչ կառույց է ղեկավարում, ինչ ներդրում ունի մեր պետականության կայացման գործում։ Հատկանշական է, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք զբաղված են միայն այն մարդկանց վիրավորելով և մրոտելով, ովքեր համաձայն չեն իշխանությունների հետ։
Ու ամենազավեշտալին այն է, որ իշխանական այդ «գրոհային» օպերացիաների մեջ են ներգրավվում մարդիկ, որոնք խոսելու տեղ չունեն և ավելի լավ է, որ ընդհանրապես լռեին, քանի որ նրանք ժամանակին շատ սերտորեն համագործակցել են տարբեր ուժերի, այդ թվում՝ նախկինների հետ, իսկ հետո, երբ իրավիճակը փոխվել է, միանգամից նորերի «գիրկն են թռել»։
Գործող իշխանությունները մեծ հաճույքով օգտվում են որևէ սկզբունք չունեցող նման մարդկանց ծառայություններից և մեծ գնահատանքի արժանացնում նրանց նրա համար, որ սոցցանցերում հայհոյում և վարկաբեկում են իրենց քաղաքական մրցակիցներին։
Բայց իշխանությունները հաշվի չեն առնում, որ իրենց իշխանությունը հավերժ չէ, և ինչպես ցանկացած իշխանություն, իրենք ևս մի օր ստիպված են լինելու հեռանալ, և այն մարդիկ, որոնք այսօր կատարում են ընդդիմությանը և իշխանությունների հետ անհամաձայնություն դրսևորող մարդկանց սև փիառով լռեցնելու պատվերը, վաղը անցնելու են նոր եկող իշխանության կողմը և արդեն սկսելու են իրենց մրոտել։
Հայհոյանքների, թշնամանքի, ատելության և պոպուլիզմի միջոցով իշխանությունները կարող են մի որոշ ժամանակ զբաղեցնել հանրությանը, սակայն նրանց չի հաջողվի ժամանակն իրենց օգտին օգտագործել, քանի որ քաղաքական դաշտի նման պրիմիտիվացումը հիասթափության ալիք է առաջ բերում հանրության շրջանում։ Իշխանությունները պետք է որոշակի հանդուրժողականության տեղ թողնեն, որ երբ իրենք կորցնեն ժողովրդի մեծամասնության վստահությունը, չդառնան իրենց կողմից գեներացրած ատելության զոհերը։
Հաշվի առնենք, որ համավարակի տարածումը և արտակարգ դրությունը բացառիկ պայմաններ ստեղծեցին ամեն ինչ նորից սկսելու և համերաշխության մթնոլորտ ձևավորելու հարցում, սակայն իշխանությունները շարունակեցին իրենց հին գործելակերպը։ Ու հիմա զարմանալի է, երբ իշխանությունները դժգոհում են, որ արտակարգ դրության պայմաններում իրենց քննադատում են, սակայն իրենք չեն ցանկանում քայլ կատարել համախմբման և միասնական օրակարգ ձևավորելու հարցում։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ