Սոցիալական պատասխանատվություն, կամ՝ ինչ տեսնում, այն սովորում ենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոցիալական պատասխանատվությունը միայն արտակարգ վիճակների համար չէ, բայց այդ տերմինի մասին շատերը երևի թե միայն վերջերս իմացան, երբ երկրում սկսեց թափ հավաքել կորոնավիրուսի համավարակը: Ի՞նչ է սոցիալական պատասխանատվությունը: Առավել պարզ ասած՝ պատասխանատու լինել սեփական քայլերի համար, որոնք որևէ կերպ չեն վնասի հասարակության մյուս անդամներին:
Համաճարակային այս օրերին կառավարությունը, մեղմացնելով որոշ սահմանափակումներ, նշում է, որ համաճարակի հաղթահարման դեպքում կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումը:
Տեսեք՝ պարետի որոշման մեջ հստակ նշված է, որ հանրային տրանսպորտով երթևեկելիս քաղաքացին պետք է կրի դիմակ ու ձեռնոց, մինչդեռ միայն մեր տան հարակից կանգառում մեկ օրվա մեջ ոստիկաններն ավտոբուսներից իջեցնում էին քաղաքացիներին, քանի որ նրանց մեջ կային մարդիկ, որոնք դիմակ չէին կրում:
Նույնը նաև կատարվում է խանութներում, ավելին՝ նման միջադեպի ականատես եղա անձնագրային և վիզաների վարչությունում, երբ մի տղամարդ հաստատուն քայլերով առանց պաշտպանիչ միջոցների փորձում էր ներս մտնել, իսկ աշխատակցի սաստող նախազգուշացումից հետո ասաց՝ է, ի՞նչ կլինի որ:
Այո, մենք կարգապահ չենք, սա չի եղել նախկինում, չկա նաև հիմա:
Երբ ասում են խանութում կանգնեք համապատասխան գծերի մոտ և պահպանեք սոցիալական հեռավորությունը, ծիծաղդ գալիս է: Եթե մարդն առհասարակ նման սովորություն չունի, ինչպես նա դա կանի հիմա, ի վերջո, նրա կյանքում ոչինչ չի փոխվել: Մենք հերթ կանգնելու սովորական «մշակույթին» այդպես էլ չկարողացանք տիրապետել, ուր մնաց մնացածը:
Դեղատանը կանգնած ես, թվել ես անհրաժեշտ ապրանքների անվանումները, վաճառողը անցկացնում է դրանց կոդերը համակարգչով, մեկ էլ զգում ես, որ աջ ուսդ մի տեսակ «ծանրացավ»:
Դեղատան հսկա տարածքը թողած՝ տիկինը որոշել է «հանգրվանել» ուսիդ, գուցե ոչ կորոնավիրուսային, բայց հնարավոր է այլ բացիլներն արտաշնչելով քո ուղղությամբ: Երկու տարբերակ ունես՝ կա՛մ բարկանալ, կա՛մ էլ, հասկանալով, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, կատարել գնումներդ ու դուրս պրծնել խանութից: Արդարության համար ասենք, որ, իհարկե, սա բոլորին չի վերաբերում:
Բայց այս պատասխանատվությունը, որն ավելի շատ դաստիարակություն եմ կոչում, կա՛մ կա, կա՛մ չկա: Երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեկ կարևոր դիտարկում էլ:
Պատասխանատվությունը պետք է «վերևից» թելադրվի, ի վերջո, քաղաքացին, ինչպես երեխան, սովորում է այն, ինչ տեսնում է: Այդ պատճառով նաև պաշտոնյաների քայլերից է շատ բան կախված: Ոչ միայն որոշումներ ընդունել, այլ նաև սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է դրանք կյանքի կոչվեն:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ