Մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի աշխատող ուսանողների ուսվարձը կփոխհատուցվի նրանց վճարած եկամտային հարկից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ սահմանված մասնագիտություններով ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողներիի ուսման վարձը կփոխհատուցվի նրանց վճարած եկամտային հարկի գումարներից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ, որոնք շատ դեպքերում թափուր են մնում դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Այս նախագծով կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը և հնարավորություն կընձեռի վարձու աշխատող հանդիսացող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված եկամտային հարկի գումարներից:
Նախագիծը կխրախուսի երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում, ինչպես նաև աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու և միաժամանակ հարկ վճարելու մշակույթ:
Հավելենք, որ նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից:
Լուսինե Առաքելյան