«Ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ քաղաքական առևտուրը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ ճնշումների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի հետ կապված գործողությունների առնչությամբ արդեն իսկ առկա են միջազգային մի շարք կառույցների գնահատականները, որոնք մասնագետները միանշանակ չեն գնահատում:
Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում հնարավոր են նոր, առավել կոշտ գնահատականներ տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, պարտադիր չէ հայտարարությունների տեսքով:
Մասնավորաբար, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովին ու Եվրախորհրդին՝ «Փաստ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց.
«Չի բացառվում, որ նրանց կողմից որոշակի գործողություններ լինեն, չի բացառվում նաև շանտաժի քաղաքականությունը: Այսինքն, իրենք աչք են փակում Հայաստանում ՍԴ-ի լիազորությունները յուրացնելու գործընթացի վրա, փոխարենը Հայաստանի իշխանությունները, օրինակ՝ վավերացնում են ստամբուլ յան կոնվենցիան: Ընդհանուր առմամբ, արդեն ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ քաղաքական առևտուրը»:
Ի դեպ, խոսելով ներկայումս տեղի ունեցող գործընթացների մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ գործ ունենք անձնիշխան համակարգի հետ, որը « չի հանդուրժում որևէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն»: