Պահնորդական խումբը գիշերը հանել է Ամուլսարի պահապանների տնակը. ակտիվիստներն ավտոերթով գնում են Ամուլսար
ՎԻԴԵՈԱմուլսարում նոր պահնորդական կազմակերպության անդամներն գիշերը հանել են Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենց դոմիկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պահապաններից Արշակ Մելքոնյանը։
«Օգտվել են Ամուլսարում ստեղծված հանդարտ վիճակից, պահապանները եղել են տանը ու նրանք էլ պահապանների դոմիկը»,- ասաց նա։
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը։ Նա հայտնեց, որ պահապանները սկսել են արդեն հավաքվել ու շրջել մեքենաներով։
«Հավաքվում ենք, պետք է այդ հարցին արդեն լուծում տանք։ Այս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի, եթե թողենք մարդիկ այսպես քայլ առ քայլ, փուլերով տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն անիմաստ էր այս երկուսուկես տարին ու մենք այս երկրում տեղ չունենք։ Ամեն օր Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. կամ մենք պետք է տանք սպանենք պահնորդներին կամ իրենք մեզ։ Արդեն փաստ է, որ չունենք ուժեղ Կառավարություն, որն ի վիճակի է լուծում տալու այս հարցին։ Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու Ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացի, որն ըստ պայմանագրի պետք է ընդամենը գույք պահպաներ, եւ Վայոց Ձորի մարզպետն էլ ասում է՝ մենք իրավունք չունենք խանգարել նրանց, ուրեմն ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի»,- տեսանյութում ասաց Բունիաթյանը։