ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթով, իսկ մեքենաները տեղափոխել քարշակման ծառայության միջոցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 12-ին, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ քաղաքացիների ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր սեփական մեքենաներով Հայաստան վերադառնալ ցանկացողներին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ այժմ գործում են մի քանի կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, որոնք կազմակերպում են մեքենաների տեղափոխումը Հայաստան. այդ մեխանիզմն արդեն մի քանի ամիս է ինչ գործում է, և դրա մասին մեր քաղաքացիները քաջատեղյակ են:
«Մեքենայի սեփականատերը Լարսում իր անձնական օգտագործման մեքենան ձևակերպելու պայմանագիր է կնքում համապատասխան կազմակերպության հետ, որն էլ ավտոքարշակով (տարողությունը առավելագույնը 7 մեքենա) մեքենան ուղարկում է Հայաստան: Իսկ քաղաքացին մոտակա օդանավակայանից, որտեղից շաբաթական առնվազն մեկ անգամ չվերթ է կազմակերպվում, կարող է վերադառնալ Հայաստան»,- հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։