Սվետլանա Տիխանովսկայան ավարտել է իր այցը Բրյուսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Բրյուսելում պայմանավորվել է «հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններից հետո» ԵՄ-ի կողմից Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու շուրջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Տիխանովսկայայի մամուլի ծառայությանը:
Երկուշաբթի օրը Տիխանովսկայան գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ երկրների արտգործնախարարների և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:
«Սվետլանա Տիխանովսկայան ավարտել է իր այցը Բրյուսել, որտեղ հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիի հետ և ելույթ ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առջև: Սվետլանա Տիխանովսկայան պայմանավորվել է նաև հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններից հետո Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: